ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 2022-ին իշխանության նախատեսած՝ 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի հետ կապված հաշվարկները խնդրահարույց են։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով 2022-ի բյուջեի նախագծին։
«Տնտեսական աճի կանխատեսումների հետ կապված՝ հիմնավորված չէ իշխանության լավատեսությունը, այն զուտ քաղաքական է։ Այսինքն` այն միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող սոցիալ–տնտեսական պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` սա նաև անհաջող փորձ է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան։
Խաչատրյանը նշեց, որ ըստ իշխանության` պատերազմում պարտության դառնահամը կփոխարինվի տնեսական բարեկեցության մեղրահամով։
«Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է ընդամենը 2,66 տոկոս։ Այսինքն, երբ խոսում են տնտեսական աճի մասին, նկատի ունեն իրական տնտեսական աճը, իսկ այն, ինչի մասին խոսում է էկոնոմիկայի նախարարը, բացարձակապես որևէ կապ չունի էկոնոմիկայի հետ»,–ասաց նա։
Խաչատրյանի խոսքով` էկոնոմիկայի նախարարի տրամաբանությամբ առաջնորդվելով՝ եթե տնտեսական իրական աճը լինի 1 տոկոս, իսկ սպառողական և արդյունաբերական գների աճը՝ 15 տոկոս, ապա ՀՀ–ն կունենա «հիանալի» տնտեսական աճ` 16 տոկոս։ «Այսինքն ինչքան գները բարձրանան, ինչքան մարդիկ վատ ապրեն, ըստ պարոն Քերոբյանի, մեր տնտեսական աճը բարձր կլինի։ Թող այդ «ժանգլյորությունը» ուրիշ տեղ անի, այստեղ մարդիկ շատ լավ հասկանում են տնտեսության աճը»,– ասաց նա։
Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսումները չիրականանան։