ՌԱԴԻՈ

ՏԻՄ ընտրությունները և մարդկանց հիասթափությունը. ՔՊ–ում հասկանում են, որ հեղինակազրկվել են

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դեկտեմբերի 5-ին ՀՀ 36 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին և ընտրական գործընթացով պայմանավորված միտումներին։
Sputnik
ՏԻՄ ընտրությունների արդյունքները մեծ հաշվով արտացոլում են այն հիասթափությունը, որը կա հասարակության մոտ, ընդ որում` գուցե կար հիասթափության ավելի մեծ ցուցանիշ, սակայն դա չինքնադրսևորվեց ՏԻՄ ընտրությունների ցածր մասնակցության պատճառով։ Խոսելով Հայաստանում դեկտեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Մարդիկ կյանքի բերումով, կենցաղային պայմանների բարդացման, գնաճի և շատ այլ հանգամանքների առումով, կոնկրետ մեկ անձի ստի մեծաքանակ ծավալների հետ կապված ունեն որոշակի հիասթափություն։ Այն կար նաև խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ, բայց հաշվի առնելով ինչ-որ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառման հանգամանքը, անհրաժեշտ չափով չինքնադրսևորվեց»,– ասաց քաղաքագետը։
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Շիրակից 12 հաղորդում է ստացվել
Ղևոնդյանի կարծիքով` ՏԻՄ ընտրություններում եղան անակնկալներ, օրինակ, Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների պրոտեստային պահվածքը, երբ ոչ մի ընտրող չգնաց քվեարկելու։ Ըստ քաղաքագետի` դա սկզբունքային մոտեցում էր, ինչը գովելի է այն առումով, որ քաղաքացին հասկանում է, որ կարող է տեղերում իրավիճակ փոխել, տեր լինել իր երկրին։ Մյուս կողմից դա մեսիջ էր մյուս համայնքներին և քաղաքական պայքարի հարթակներին, որ կարելի է նաև այդպիսի քայլերի գնալ։
Իշխանությանը տրված «ժողովրդի մանդատը» նվազում է. Խաչատրյանը` ՏԻՄ ընտրությունների մասին
«Ընտրություններին չմասնակցելով` մարդիկ ապալեգիտիմացրին համայնքների խոշորացման ՏԻՄ ընտրություններն իրենց տարածքներում, բայց մեծ հաշվով չկարողացան իրենց խնդիրները լուծել։ Վերոհիշյալ երկու գյուղերի հետ կապված պրոցեսները հետագայում կշարունակվեն, որովհետև դրանցում կա ֆունդամենտալ անհամաձայնություն համայնքների մեծացման գաղափարի հետ»,– ասաց քաղաքագետը։
Ղևոնդյանի մյուս դիտարկմամբ`թեև Գեղարքունիքի մարզի երկու մեծ քաղաքներում արձանագրվեցին այնպիսի ընտրական արդյունքներ, որոնց համաձայն` գոնե առաջին հայացքից գործող իշխանությունը չի հաղթել, այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ տվյալ մարզը «նիկոլապաշտության» գործում առաջատար և ֆունդամենտալ դիրքեր է զբաղեցնում, ուստի Գավառ ու Վարդենիս համայնքների խոշորացման արդյունքում ընտրությունների նման ելքն իրոք անակնկալ էր։
«Քանի որ ՔՊ–ում հասկանում են, որ իրենց մոտ հեղինակազրկմանգործընթաց է և իրենց անվամբ ՏԻՄ ընտրությունների գնալով կարող են անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքել` ուստի քաղաքական խաղադրույք են անում ինչ-որ անհատների վրա, ովքեր անուն ազգանվամբ դաշինքներով են ինքնաառաջադրվում։ Այդ մարդիկ իրենց սեփական հեղինակության ու ռեսուրսների հաշվին իքս քանակով քվեներ են հավաքում, որը ՔՊ–ն հավաքական առումով չէր կարող հավաքել։ Արդյունքում ստացվում է, որ ինքնադրսևորված երեք–չորս քաղաքական թիմերն արդյունքում դաշինք են կնքում, իսկ համայնքային իշխանությունը նման պայմաններում կարող է շարունակել մնալ ՔՊ–ի մեջ։ Պարզապես պետք է հասկանալ, թե այդ թիմերն իսկապե՞ս անկախ են, թե՞ լատենտ իշխանական ազդեցության տակ գտնվող ուժեր են»,– ասաց քաղաքագետը։

Ղևոնդյանի խոսքով` պետք է հասկանալ, թե ընդդիմության ներկայացուցիչները կամ անկախ անձինք, ովքեր ՏԻՄ տարբեր հարթակներում ինքնադրսևորվել են, որքանով են իրականում ընդդիմադիր և արդյոք չեն դառնա իշխանություններին լոյալ, եթե հարուցվեն քրեական գործեր, ինչպես տեղի ունեցավ Մասիսում, Գորիսում։

Ըստ նրա` ՏԻՄ ընտրություններն անկախ ամեն ինչից ընդդիմության համար լայն քաղաքական պայքարի մեծ դաշտ են բացել, և եթե ընդդիմությունը կամք ու անհրաժեշտ ունակություն բանեցնի տեղերում ու երկրով մեկ ճիշտ աշխատելու առումով, ապա նախադրյալներ կստեղծի հետագայում երկրում քաղաքական իրավիճակ փոխելու համար։
Նշենք, որ դեկտեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրություններում
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տարել 36 համայնքներից 15-ում։
Հավելենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։