ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Շիրակից 12 հաղորդում է ստացվել

Քվեարկություն. Արխիվային լուսանկար
Հաղորդումներից 8-ի առնչությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են, 3-ը թողնվել են անհետևանք, քանի որ չեն հաստատվել: Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 12 հաղորդում-ահազանգ:
Ինչպես հայտնում է դատախազությունը, դրանցից 4-ը վերաբերում է նախընտրական քարոզարշավի շրջանին, 8-ը՝ բուն քվեարկության օրվան:
Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում 17 ընտրախախտում է գրանցվել. դատախազություն
12 հաղորդում-ահազանգերից 4-ը դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ և ներկայացված զեկուցագրեր:
• 1-ը վերաբերում է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
• 3-ը՝ Ախուրյան, Արթիկ խոշորացված համայնքներում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
• 1-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքացու կողմից ընտրական իրավունքի իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն,
• 1-ը՝ Արթիկ խոշորացված համայնքում քարոզչական պաստառների տեղադրմանը խանգարելու միջոցով քարոզչության անցկացմանը խոչընդոտելուն,
• 2-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններում ենթադրաբար քվեաթերթիկը կամ ծրարը ընտրատեղամասերից դուրս տանելու հանգամանքներով պայմանավորված առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
• 2-ը՝ Արթիկ խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
• 1-ը՝ Ամասիա համայնքում ընտրատեղամասերից մեկում լույսերի անջատմամբ պայմանավորված ենթադրաբար քվեարկության արդյունքները կեղծելու փորձին,
• 1-ը՝ այլ բնույթի:
Հաղորդումներից 8-ի առնչությամբ ՀՀ ոստիկանության մարզային բաժիններին դատախազության կողմից հանձնարարվել է սկսել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Արդյունքում դրանցից 3-ը թողնվել են անհետևանք, քանի որ ներկայացված տվյալները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել, իսկ 5 ահազանգերի կապակցությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են:
Իշխանությանը տրված «ժողովրդի մանդատը» նվազում է. Խաչատրյանը` ՏԻՄ ընտրությունների մասին
Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով:
Հիշեցնենք` երեկ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում ։
Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։