Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը նաև կարտահանվի. նախարար

Սպուտնիկ Լայթ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի շուկան բավական փոքր է մեր երկրում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի սպառման անհրաժեշտ ծավալն ապահովելու համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ բանակցություններ են տարվում, աֆրիկյան որոշ երկրների հետ էլ քննարկումներ են ընթանում արտահանելու համար։ Այս ամենն իրականացվում է ռուսական գործընկերների հետ աշխատանքի շնորհիվ»,– նշեց Քերոբյանը։

Խոսելով արտադրման մասին` նա ընդգծեց, որ պատվաստանյութի արտադրությունն իրականացվում է մի քանի փուլով՝ փորձնական արտադրություն, այնուհետև որոշակի հավաստումներից հետո անցում է կատարվում արտադրական ցիկլային գործընթացին:
Հիշեցնենք` Հայաստանը «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը հավանություն տվեց այս տարվա սեպտեմբերի 6-ին։ «Լիկվոր» ընկերությունը ռուսական կողմից ստացած մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնային ռեժիմի տակ պահպանում:
Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթը» շուտով կհայտնվի պոլիկլինիկաներում