«Մենք ունենք բավական քանակի տեխնիկա և գույք». ԱԻ փոխնախարարը՝ աղետներին դիմակայելու մասին

Արմեն Փամբուխչյան
Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի համատեղ նիստից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ ղեկավարությունն այսօր Երևանում ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակության հետ անցկացրել է ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի համատեղ նիստը: Քննարկվել են համագործակցության հարցեր, որոնց թվում՝ հաջորդ տարվա բյուջեն ու ընթացիկ ծրագրերը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սպիտակի երկրաշարժի դասերը:
«Սպիտակի երկրաշարժից հետո արդեն աշխարհը վերանայել է իր մոտեցումները սեյսմակայանությանը՝ թե՛ շինարարության, թե՛ մնացած բոլոր հարցերում»,- ասաց նա:
Հայ-ռուսական հանդիպմանը նաև ուսումնական-մարզական վարժանք է անցկացվել անձնակազմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով:
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ ընթացքի մեջ է փրկարարական ուժերի տեխնիկական վերազինումը, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց, որ հայ փրկարարները ապահովված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

«Մենք ներկա պահին ունենք բավական քանակի տեխնիկա և գույք՝ դիմակայելու ընթացիկ աղետներին և հրդեհներին: Սակայն դա մշտապես համալրվող գործընթաց է, և նորանոր տեխնիկա ձեռք բերելու ու մեր պարկը համալրելու կարիք անընդհատ է առաջանում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնին, Փամբուխչյանի խոսքով, այն էլ իր հերթին անհրաժեշտության դեպքում կնպաստի հավելյալ տեխնիկական միջոցներով ապահովմանը:
Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2015 թ. մայիսի 19-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում: