ՀՀ–ում սեյսմիկ սպառնալիքի մշտադիտարկման զգալի փորձ է կուտակվել․ ռուս պաշտոնյա

Նիկոլայ Գրեչուշկին
Ռուս-հայկական կենտրոնը երկկողմ փոխգործակցության կարևոր հարթակ է տարերային աղետի հետևանքները կանխելու և հաղթահարելու գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Սպիտակի երկրաշարժի ողբերգական փորձը խթան հանդիսացավ տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման համար։ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը․ սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» գործնական գիտաժողովի ընթացքում այդ մասին ասաց ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը: Միջոցառումը, որը նվիրված է ավերիչ երկրաշարժի 33-ամյակին, կազմակերպել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
«Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը․ սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» գործնական գիտաժողով
Գրեչուշկինը նշեց, որ 33 տարի առաջ տեղի ունեցած աղետն ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ տարածք է ընդգրկել։ Մի ժամում փլուզվել է ամբողջ արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը։
Երկրաշարժը շարունակում է ամենակործանարար բնական աղետներից մեկը մնալ։ Միաժամանակ դա ամենաբարդ երևույթն է կանխատեսման տեսանկյունից։ Սակայն այսօր, ՌԴ ԱԻՆ փոխնախարարի խոսքով, սեյսմիկ անվտանգության մշտադիտարկման զգալի փորձ է կուտակվել։ Երևանում ընթացող գիտաժողովը Գրեչուշկինը կարևոր միջոցառում է համարում մասնագիտական հանրության հետ երկխոսության, փորձի փոխանակման և գնահատման մեթոդաբանության տեսանկյունից:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշեց, որ Ռուս-հայկական կենտրոնը երկկողմ փոխգործակցության կարևոր հարթակ է տարերային աղետի հետևանքները կանխելու և հաղթահարելու գործում:
Սերգեյ Կոպիրկին
«Բարձրակարգ մասնագետներ ու ժամանակակից փրկարարական սարքավորումներ ունեցող կենտրոնը ծանրակշիռ ներդրում ունի արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում»,-նշեց նա։
Կենտրոնն արտակարգ իրավիճակների վերացման գործում մի շարք գործողություններ է իրականացրել Հայաստանում և այլ երկրներում: Կարևոր իրադարձություններից մեկը անտառային հրդեհների վերացումն էր 2017 թ․-ի ամռանը։
Հայաստանում շենքերի սեյսմակայունությունը դեռ արդիական խնդիր է․ նախարար