ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն «ի լուր աշխարհի» հայտարարում է, որ որևէ կապ չունի իշխանափոխության օրերին` 2018թ. ապրիլի 22-ին, Էրեբունի համայնքում քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնության դեպքի հետ։
Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` Մասիսում իր քվեարկությունը կատարելուց հետո։
Հայտնել էինք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են, և Համբարձումյանը Մասիսի համայնքապետի թեկնածու է առաջադրվել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի կողմից: Ի դեպ, Համբարձումյանը մեղադրվում էր 2018-ի ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ և նա որոշ ժամանակ կալանավորված էր:
«Ես բռնություն չեմ գործադրել որևէ մեկի նկատմամբ։ Ճիշտ է, ինձ այդ գործով ձերբակալեցին, կալանավորեցին, սակայն հետո քննչական կոմիտեն Էրեբունի փողոցում տեղի ունեցած դեպքերի հետ կապված երկու հոդվածը հանեց իմ վրայից, որովհետև ես կապ չունեի այդ գործերի հետ»,-ասաց Համբարձումյանը` հավելելով, որ «իր վրա» մեկ հոդված է մնացել։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր հաղթելու դեպքում կվերաբացեն այդ գործերը, և կալանավորմամ որոշում կկայացվի, Համբարձումյանը պատասխանեց, որ որևէ մտավախություն չունի, և եթե նման բան որոշեն, ապա պատրաստ է դրան։
Անդրադառնալով լրագրողների մեկ այլ հարցի, թե լուրեր են շրջանառվում, որ տարբեր թեկնածուների իշխանությունը գործարքներ է առաջարկում` ասելով, որ քրգործերը կկարճեն, միայն թե խաղից դուրս գան, Համբարձումյանը պատասխանեց, որ ինքը կայուն մարդ է և իր հետ նման դեպքեր չեն եղել։
Հիշեցնենք, Մասիսի քաղաքապետին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ժամը 11-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը։