ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի և Հայրենական մեծ պատերազմի տարիների մեղեդիներով Երևանի «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ տոնական համերգ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին։
Համերգին ներկա էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, որոնցից մեկը՝ Հենրիկ Խառատյանը այդ օրը նշում էր իր ծննդյան 95-ամյակը։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը շնորհավորեց սիրելի վետերանին և հատուկ նվեր փոխանցեց։ Նույն օրը 50-ից ավելի վետերաններ Մոսկվայի կառավարության անունից պարենային փաթեթներ ստացան։
Վետերան Հենրիկ Խառատյանը
© Photo : пресс-офис МКДЦ "Дом Москвы"
«Խոնարհվում ենք Հայրենական պատերազմի մասնակից բոլոր վետերանների առջև, ովքեր ոչ միայն հաղթանակել են այդ դժվարին պատերազմում, այլև մեր օրերում իրենց ներկայությամբ դաստիարակում են երիտասարդներին և սերունդներին փոխանցում պատերազմի մասին իրական ճշմարտությունը՝ թույլ չտալով խեղաթյուրել պատմությունը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Միջոցառմանը ներկա էին պետական այրեր և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մոսկվայի ճակատամարտին նվիրված համերգ Երևանում
© Photo : пресс-офис МКДЦ "Дом Москвы"
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն ամեն տարի կազմակերպում է տոնական միջոցառումներ՝ նվիրված հերոսական ճակատամարտին։ Համերգը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտի և Հայրենակիցների մոսկովյան տան աջակցությամբ։
Հիշեցնենք, որ Մոսկվայի պաշտպանության համար մղվող մարտերը (1941-1942) Հայրենական մեծ պատերազմի պատմության առանցքային և բեկումնային մարտերից մեկն է։