ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտարարում է` եթե ՏԻՄ ընտրություններում հաղթի, ապա Վանաձորի համայնքապետ կնշանակվի։
Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` նախքան ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելը։
Հայտնել էինք, որ Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
«Իմ առաջադրվելը քաղաքական որոշում է, իսկ ես մեր թիմի ցանկացած որոշում ի գիտություն եմ ընդունում և անվերապահորեն կատարում»,–ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե անձամբ նա որոշե՞լ է առաջադրվել` Խաչատրյանը պատասխանեց, որ իր թիմի հետ միասին են որոշել։
Լրագրողների նկատառմանը, թե Վանաձորի համայնքապետ դառնալով` նա, փաստորեն, ավելի ցածր պաշտոն է ստանձնելու, քան մարզպետի դեպքում` Խաչատրյանն արձագանքեց, թե իրենց համար ցածր–բարձր պաշտոններ չկան։
Իսկ ինչ վերաբերում է լուրերին, թե Խաչատրյանի` Վանաձորի համայնքապետ նշանակվելուց հետո ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանին են Լոռու մարզպետ նշանակելու, Խաչատրյանը նշեց, որ նման բան չկա և նման քննարկումներ չեն եղել։