ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Առցանց գնումներն այսպես թե այնպես որոշակի ռիսկեր են պարունակում։ Սակայն հավանական ռիսկերը կարելի է նվազագույնի հասցնել` մի քանի պարզ կանոնի հետևելու դեպքում։
Ինչպես ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պատմեց Ecommpay միջազգային վճարային պրովայդերի՝ ռիսկերի վերահսկման արտադրանքի մենեջեր Դանիել Շևսկին, նախ` անհրաժեշտ է կարդալ ընտրած խանութի մասին արձագանքները։ Երկրորդը` տեսնել, թե վճարման ինչ մեթոդներ է այն ընդունում և ապահովության համար հիմնական քարտից չօգտվել։
«Գնումներից, հատկապես մեծ գնումներից առաջ բավական է ստուգել հետևյալ բաները. խանութի վարկանիշը սոցցանցերում և համացանցում առկա արձագանքները։ Արտասահմանյան մի շարք ընկերություններ էջեր ունեն Facebook–ում, որտեղ կարող եք տեսնել լայքերի քանակն ու հաճախորդների արձագանքները։ Նույնիսկ եթե խանութը շատ սպեցիֆիկ ապրանք է վաճառում, այն պետք է լավ վարկանիշ ունենա և գոնե մի քանի հազար լայք և բաժանորդագրություն», –փորձագետի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Շևսկին խորհուրդ է տալիս խորամանկության դիմել. որոնման տողում հարկ է ոչ միայն կայքի անվանումը նշել, այլև «խաբեություն» կամ «խարդախություն» բառերը։
Ինչ կապված է վճարման մեթոդներին, ապա ըստ մասնագետի, գնորդին պետք է մտահոգի, եթե գնումի համար հնարավոր է վճարել միայն էլեկտրոնային դրամապանակի օգնությամբ։
«Մի փոքր ավելի ապահով է գնումներ կատարելն այն ինտերնետ–խանութներում, որոնք որպես վճարային քարտ ընդունում են բանկայինը։ Սա կապված է նրա հետ, որ առցանց խանութը քարտային վճարումների համար պայմանագիր է կնքում էկվայեր ընկերության հետ (բանկ կամ ֆինանսական հաստատություն, որը վճարումը մշակում է վաճառողի անունից կրեդիտային կամ դեբետային քարտերով– խմբ.), ինչը խիստ պարտավորություններ է դնում նրա վրա վճարումների անվտանգության ստուգման և ապահովման համար», – ասել է նա։
Գնում կարելի է իրականացնել միայն այն կայքից, որը տվյալների փոխանցման պաշտպանված արձանագրություն է օգտագործում (https)։ Բրաուզերներից շատերում դա կարելի է որոշել հասցեի տողում կայքի անվանման կողքին կողպեքի նշանով։ Եթե այդ նշանը բացակայում է և հասցեի տողում գրված է «http://», տվյալների գաղտնիությունը վտանգված է։
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ առցանց խանութի կայքում անձնական տեղեկատվությունը կարող է հայտնվել խարդախների ձեռքում։ Այդ իսկ պատճառով գնումներ կատարելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ գոնե վճարման էջը, որտեղ հաճախորդին խնդրում են մուտքագրել քարտի տվյալները, պաշտպանված է (հասցեն https է պարունակում)։
Շևսկին նաև խորդուրդ է տալիս վճարման համար չօգտվել հիմնական քարտից։ Նման նպատակների համար ամենահարմարը վիրտուալ բանկային քարտը կլինի, որը նախատեսված է հատուկ առցանց եղանակով անվտանգ գնումներ կատարելու համար։ Այդ քարտը կարելի է կամ գնումն իրականացնելուց հետո անմիջապես հեռացնել, կամ արգելափակել այնքան ժամանակ, քանի դեռ այն հարկավոր չէ։ Այդպիսով, նույնիսկ եթե խարդախը իմանա վիրտուալ քարտի տվյալները, դրամական միջոցներին հասանելիություն չի ունենա։