Հնդկաստանում զինվորականների սխալի պատճառով 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ

Բանակի ղեկավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, վստահեցնելով, որ մարդկանց մահվան պատճառը հետաքննվում է ամենաբարձր մակարդակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Նագալենդ արևելյան նահանգում հնդկական բանակի հատուկ գործողությունների ժամանակ սխալմամբ 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ 13 քաղաքացիական անձինք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բանակային 3-րդ կորպուսի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ զինվորականները, հիմնվելով ապստամբների հավանական առաջխաղացման մասին հետախուզական հուսալի տվյալների վրա, Տիրուի շրջանում (Մոն օկրուգ, Նագալենդ) գործողություններ են ծրագրել։
Հայաստանը «քաղաքական փոքր վահան» ու տարանցման հնարավորություն կստանա Հնդկաստանից. փորձագետ
«Խորապես ցավում ենք այս միջադեպի և նրա հետևանքների առնչությամբ։ Մարդկանց մահվան պատճառը հետաքննվում է ամենաբարձր մակարդակով, և օրենքի համաձայն համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», – ասվում է հայտարարության մեջ։
Բանակային 3-րդ կորպուսի մամուլի ծառայությունում նշել են, որ միջադեպի հետևանքով մի քանի զինվորներ ծանր վիրավորում են ստացել, զինծառայողներից մեկը մահացել է ստացած վնասվածքներից։
Տեղի ոստիկանությունն իր հերթին հայտնում է, որ զինվորականները դարան են կազմակերպել Նագալենդի արգելված Ազգային–սոցիալիստական խորհրդի անդամների նկատմամբ, սակայն սխալմամբ կրակ են բացել մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են ածխահորի` տուն վերադարձող բանվորները։
Հնդկաստանը պայմանավորվել է Հայաստանի հետ COVID-19–ի հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին
Տեղի ունեցածի մանրամասները ներկայացնելիս բանակի ներկայացուցիչը The Hindu պարբերականին հայտնել է, որ քաղաքացիական անձինք դեպքի վայր են ժամանել հետախուզվողի մեքենայի նման փիքափով և «չեն համագործակցել», երբ նրանց խնդրել են կանգնել։ Կրակոցների հետևանքով 6 մարդ է մահացել։
Մինչ բանակի ներկայացուցիչները սպասում էին ոստիկանության ժամանմանը, տեղի բնակիչները հավաքվել և հարձակվել են նրանց վրա։ Բախումների հետևանքով 1 զինվոր սպանվել է, ևս 3-ը վիրավորում են ստացել ամբոխից արձակված կրակոցի պատճառով։ Այն բանից հետո, երբ զինվորականներն ինքնապաշտպանական նպատակով կրակ են բացել, զոհվել է ևս 7 քաղաքացիական անձ։