ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Այսօր «Դավիթ Համբարձումյան» դաշինքի Մասիս խոշորացված համայնքի ավագանու 2 թեկնածուի, ինչպես նաև դաշինքի 2 համախոհի են բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դաշինքի ցուցակի երկրորդ համար, Մասիսի համայնքապետի նախկին տեղակալ Նորայր Հակոբյանը։
«Բերման են ենթարկել ավագանու թեկնածուներ Կարեն Սարգսյանին և Հունան Ավետիսյանին։ Կեղծ ահազանգ է եղել, ըստ որի` իբրև թե նրանք խոչընդոտում են ընտրությունների անցկացմանը։ Իրականում այս ամենի պատճառն այն է, որ ուզում են վերոհիշյալ անձանց մեկուսացնել իրենց համայնքներից»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` իշխանությունը փորձում է ճնշումներ գործադրել, սակայն իրենց ցուցակում չկան մարդիկ, որոնք վախենում են բերման ենթարկվելուց, և իրենք «ժպտալով դեպի հաղթանակ են գնալու»։
Նա հավելեց, որ այս պահին փաստաբանները Մասիսի ոստիկանությունում են, սակայն անելիք էլ չկա. ըստ էության 3 ժամ անց բերման ենթարկվածներին ազատ կարձակեն, իսկ իշխանությունը, ըստ Հակոբյանի, այս ընթացքում իր անելիքը կանի։
Հակոբյանը նշեց նաև, որ մի քանի տեղեմասերից տեղեկատվություն է գալիս, որ իշխանությունը փորձում է հին մեթոդների դիմել և «կարուսել իրականացնել»։
Հիշեցնենք, որ Նորայր Հակոբյանը Մասիսի համայնքապետի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նախորդ ամիս՝ նոյեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։