ՌԱԴԻՈ

Աղքատությունն աղքատություն է ծնում. ի՞նչ անել Հայաստանում աճող տեմպերը դադարեցնելու համար

Sputnik
Հայաստանի իշխանությունները պետք է արմատական փոփոխություններ անեն սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ, որպեսզի նվազեն աղքատության աճի բարձր տեմպերը և կասեցվի տնտեսության տարբեր ոլորտներում անկումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՝ մեկնաբանելով 2020 թվականին աղքատության մակարդակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Փորձագետը նշեց, որ վիճակագրական կոմիտեն 2019 թվականից փոխել է երկրում աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը, և այսօր դժվար է որոշել ՝ 2018 թվականի համեմատ աղքատության մակարդակի կտրուկ աճ ունե՞նք, թե՞ ոչ։
Մինչև թոշակները բարձրանան, գներն արդեն առաջ են անցել. խոստում և իրականություն
Պարսյանը կարծում է, որ մեթոդաբանության փոփոխության նպատակն աղքատության իրական ցուցանիշները թաքցնելն է, որը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն աճել է։
Այդուհանդերձ, անգամ փոփոխված մեթոդաբանությամբ ունենք 0.6% աղքատության աճ։ Սա ինքնին էական ցուցանիշ չէ, սակայն բացասական միտում է նկատվում 2019-ի համեմատ ծայրահեղ աղքատ քաղաքացիների եկամուտների մակարդակի կրճատման առումով ։
Ծայրահեղ աղքատությունը 2020-ին 2019-ի համեմատ նվազել է 0.7%-ով։ Տնտեսագետի կարծիքով` դա պայմանավորված է բազային կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ. 2020 թվականին նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից բարձրացվեց 68.000-ի և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նվազագույն աշխատավարձն ավելի բարձր էր, քան նվազագույն սպառողական զամբյուղը (65 հազար դրամ ՝ 131 դոլար):
Ինչու թոշակառուն պիտի ուրախանա, եթե Սամվել Ալեքսանյանի ու մյուսների փողերը շատանան
«Իրավիճակը 2021 թվականին մի փոքր այլ է, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղը հասել է 71 հազար դրամի, իսկ նվազագույն աշխատավարձը չի փոխվել , հետևաբար ծայրահեղ աղքատության մակարդակը կրկին կբարձրանա», - նշեց նա ։
Պարսյանը մտահոգություն հայտնեց, որ ավելացել է նաև աղքատության վերին գծի մոտ գտնվող մարդկանց թիվը( 43,8%-ից հասել է 47,6%-ի), և բնակչության մոտ 4% -ը միջինից անցում է կատարել դեպի աղքատության շեմ։ Սա, ըստ փորձագետի` վկայում է այն մասին, որ մեծ թվով մարդիկ 2020-ին կորցրել են իրենց աշխատանքը, բիզնեսը կամ զրկվել են սեփական եկամուտներից։
«Բացի այդ, մեր տնտեսության մեջ կա աշխատող աղքատներ հասկացություն, այսինքն` նրանք աշխատում են, ստանում են որոշակի եկամուտներ, բայց դրանք բավարար չեն իրենց ընտանիքի անդամների նվազագույն կարիքները հոգալու համար։ Սա փաստում է այն մասին, որ երկրի բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության մեջ, և անհրաժեշտ է խնդրի լուծման նոր մեխանիզմներ կիրառել», - ընդգծեց փորձագետը։
Աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով. ի՞նչ է անում կառավարությունը
Նրա խոսքով` 2021- ին և դրան հաջորդող տարիներին բացասական միտումները կշարունակվեն, և մեր երկրում աղքատության ցուցանիշը կավելանա։ Փորձագետն իր կանխատեսումները հիմնավորում է նրանով, որ 2021 թվականին մարդկանց եկամուտները չեն ավելացել, փոխարեն արձանագրվել է բավականին բարձր գնաճ` 6,9 % (ի դեպ, սա 2013 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է): Բացի այդ, 10 %-ով բարձրացել են նվազագույն սպառողական զամբյուղի սննդամթերքի գները, իսկ 2022 թվականին կանխատեսվում է 4-4,5 % գնաճ։
Տնտեսագետի կարծիքով` համաշխարհային տնտեսական միտումները հաշվի առնելու, նախորդ փորձից դասեր քաղելու և տնտեսական քաղաքականությունը փոխելու փոխարեն, կառավարությունը գնում է նախկինում կիրառված անարդյունավետ ճանապարհով և կապիտալ ծախսերն ավելացնելով՝ ակնկալում է տնտեսական աճ հանքարդյունաբերությունից և մի շարք այլ ոլորտներից:
«Մեզ մոտ աղքատավարձ է»․Շտապօգնության վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. լուսանկարներ
«Իշխանությունները կարծում են, որ կենսաթոշակները, նպաստներն ու աշխատավարձերը տնտեսական աճ չեն ապահովում և դրանք կարելի է անփոփոխ թողնել 2022 թվականին։ Բայց աղքատությունը աղքատություն է ծնում։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաները ամենայն հավանականությամբ աղքատ էլ կմնան, քանի որ չեն ստանում անհրաժեշտ կրթություն, բուժօգնություն և այլն: Այսինքն` եթե մենք ուզում ենք աղքատությունը հաղթահարել ապագայում` պետք է սկսենք հիմա` կոնկրետ նպատակային ծրագրերով», - եզրափակեց փորձագետը:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն ՝ Հայաստանում աղքատության մակարդակը 2020 թվականին կազմել է բնակչության 27 տոկոսը։ Նրանցից 51.1%-ն ապրում է գյուղական վայրերում, 48.9% - ը` քաղաքներում (որից 21%-ը Երևանում)։ Ընդ որում ծայրահեղ աղքատության մեջ ապրում է գյուղական բնակչության 1,2 %-ը։ Քաղաքային բնակչության շրջանում այդ ցուցանիշը կազմում է 0.4%: