ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին։ Տեղեկությունը հայտնում է 1lurer.am–ը։
Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:
«Ունենալով նախկին փորձը՝ կանխատեսում էինք, որ Ադրբեջանը հնարավոր է՝ չպատասխանի կամ ժամանակ խնդրի հարցադրումներին պատասխանելու համար: Դատարանից դեկտեմբերի 1-ին ծանուցում ստացանք, որ Ադրբեջանը խնդրել է երկարաձգել պատասխանների համար»,– ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու համար: ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումն ու նախարարների կոմիտե դիմելու անհրաժեշտություն չի լինի:
«Հուսանք՝ այլ մեխանիզմներին դիմելու կարիք չի լինի, և դեկտեմբերի 6-ին կունենանք ինչ-որ պատասխան ադրբեջանական կողմից», - ասել է Դրմեյանը։
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ժամկետը խախտելով՝ Ադրբեջանը փորձում է իրավական հարթակում ձգձգել հարցը՝ քաղաքական նպատակների համար:
«Որոշակի իմիջ արդեն կա Ադրբեջանի դեմ ձևավորված և՛ նախարարների կոմիտեում, և՛ Եվրադատարանում վճիռների չկատարման առումով: Ադրբեջանը մոտ 3 տարի չէր կատարում մի լրագրողի ազատելու ՄԻԵԴ-ի որոշումը», - հիշեցրել է Ղազարյանը։
Ադրբեջանը ՄԻԵԴ-ի պահանջով պետք է գերիների մասին ամբողջական տեղեկություններ ներկայացնի:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։