ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Աֆղանստանից փախածներին լրացուցիչ 7 մլրդ դոլար կհատկացնի: Համապատասխան օրենքը ստորագրել է երկրի նախագահ Ջո Բայդենը։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Գումար կստանան Աֆղանստանի այն քաղաքացիները, որոնք երկրից «տարահանվել» են ամերիկացի զինվորականների՝ այնտեղից հեռանալուց առաջ:
Սեպտեմբերին նույն նպատակին էր ուղղվել 6,3 միլիարդ դոլար։
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվել է նախորդ ֆինանսական տարին, սակայն օրենսդիրները դեռևս չեն համաձայնեցրել հաջորդ տարվա լիարժեք բյուջեն: Ուստի նրանք ստիպված են եղել ժամանակավոր բանաձևեր ընդունել կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին։
Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները հավանություն են տվել դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագծին։ Նախագահի ստորագրած ֆինանսավորման երկարաձգման մասին նախորդ բանաձևի գործողության ժամկետը լրանում էր դեկտեմբերի 3-ին: