Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ

Զինծառայողներ
Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ):
Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։

Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։

Sputnik Արմենիային առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից ու ԱԱԾ–ից։
Շուտով Երևանում վայրէջք կկատարի Ադրբեջանից գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը. Ավագյան
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Ըստ ՊՆ–ի` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։