ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ, ադրբեջանական ԶՈւ կողմից սպանված 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը դին փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում։
Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան: