ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար քայլեր է ձեռնարկում, որպեսզի գտնի բնության և տնտեսության միջև այն կոնսենսուսը, որի շնորհիվ խեցգետնի ու սիգի վերարտադրությունը նորմալ հունով կընթանա։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը` պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ապօրինի որսը հնարավորինս քիչ լինի։
Նշենք, որ սիգի արդյունագործական որսն այս տարի շարունակվել է մինչև հոկտեմբերի 15-ը։
«Կոնսենսուսի շնորհիվ մեր սերունդներին հնարավորություն կընձեռվի օգտվելու այդ բարիքներից, այդ պատճառով էլ որսի արգելք է դրվում։ Խեցգետնի ծավալների կտրուկ նվազումը տնտեսվարողների վրա բացասական ազդեցություն է ունեցել։ Այժմ գնի բարձրացում է եղել, եթե ասեմ, որ 200-300 տոկոս աճել է, կնշանակի ոչինչ չեմ ասել»,– նշեց Գաբրիելյանը։
Նրա խոսքով` խեցգետնի ու սիգի որսի դեմ դրված արգելքներն անհրաժեշտ են, որպեսզի էկոհամակարգում նորմալ հունով տեղի ունենան ձվադրման և վերարտադրության գործընթացները։ Փոխնախարարը շեշտեց, որ սկզբում մարդկանց մոտ առաջացել են որոշակի անհանգստություններ, սակայն հիմնականում ըմբռնումով են մոտեցել հարցին։
«Մենք բազմիցս հանդիպել ենք մեր գործընկերների հետ ու քննարկումներ ունեցել այդ հարցի շուրջ»,– ասաց Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերին ՇՄ նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ արդյունագործական որսի վերաբերյալ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկած արդյունագործական որսի համար սահմանված 250 տոննա չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել, իսկ փաստացի իրականացվել է միայն 221 164 կգ–ի որս։