ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը հերթական պլաստիկ վիրահատությունից հետո բարդությունների պատճառով հոսպիտալացվել է։ Նա մի շարք հրապարակումներ է արել Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում։
«Մեկուկես ժամ անզգայացում։ Ազդրիս հատվածում կարը բացվել էր, արյուն էր գալիս։ Ստիպված են եղել կրկին վիրահատել»,- ասել է Գոհարը։
Ավետիսյանը հայտնել է, որ սրտնեղած ու հիասթափված է, որ ստիպված է եղել հերթական վիրահատության դիմել։
Նշենք, որ առաջին վիրահատությունից գրեթե մեկ տարի անց` նոյեմբերի 28–ին, դիմահարդարը դարձյալ պլաստիկ վիրահատության մեթոդին էր դիմել իր երազած կազմվածքն ունենալու համար:
Ավետիսյանն այս անգամ մասամբ հեռացրել էր ոտքերի ու ձեռքերի` նիհարելու հետևանքով թուլացած մաշկը, շտկել էր նաև որովայնը։ Վիրահատությունը տևել էր վեց ժամ։
Վիրահատությունից առաջ նա հայտնել է, որ հասել է իր նպատակին` 4 ամսում նիհարել է 24 կգ։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։