ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ԵԱՀԿ–ում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Ջոլին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և հայտնել, որ Կանադայի անունից համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին։
«ԵԱՀԿ–ում հայ գործընկերոջս հանդիպելիս վերահաստատեցի, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած բախումով, ինչի հետևանքով հայ զինծառայողներ են զոհվել»,– նշել է Կանադայի ԱԳ նախարարը:
Հավելենք, որ նոյեմբերի 17-ին Մելանի Ջոլին դեէսկալացիայի կոչ էր արել` ընդգծելով, որ միայն այդպես հնարավոր կլինի գտնել հակամարտության խաղաղ լուծում։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։