ՌԱԴԻՈ

Ինչպես պաշտպանել անձնական օգտահաշիվները հաքերային հարձակումներից

Տեղեկատվական անվտանգության փորձագետը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սոցիալական ցանցերի օգտահաշիվները հաքերային հարձակումներից ապահովագրելու մի քանի կանոնների, նշել, թե ինչպես կարելի է հայտնի մարդկանց դեպքում կեղծ հաշիվը տարբերել իրականից։
Sputnik
Սոցիալական ցանցերում օգտատերերի հաշիվները կոտրելու պատճառները տարբեր են` ադրբեջանական հաքերային հարձակումներից մինչև անձնական տվյալների գաղտնազերծում։ Դրանցից խուսափելու համար պարբերաբար անվտանգային մեխանիզմներ են մշակվում, որոնց մեծ մասին մեր հասարակության զգալի մասը չի տիրապետում։ Փորձը ցույց տալիս, որ Mail.ru-ի խոցելիության պատճառով մեծ թվով օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են ադրբեջանական հաքերների ձեռքում։
Հանցավոր խումբ Կապանում. «Օդնոկլասնիկի» կայքի օգտատերերից 11 մլն դրամ են հափշտակել
«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ օգտատերերի մեծ մասը նույն գաղտնաբառն օգտագործում է նաև սոցիալական ցանցերում` «Ֆեյսբուքում», «Ինստագրամում»։ Այսինքն` ձեռքի տակ ունենալով մեկ հաշվի տվյալները հեշտությամբ կարող են դրանք փորձել նաև այլ համակարգերում և հաջողությամբ կոտրել նաև մյուս օգտահաշիվները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սայբեր Գեյթս» ընկերության հիմնադիր տնօրեն, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Գևորգյանը։
Տարատեսակ հարձակումներից զերծ մնալու համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների` տարբեր սոցիալական ցանցերում օգտագործել տարբեր և միաժամանակ բարդ գաղտնաբառեր` բաղկացած ամենաքիչը 8 նշանից, որոնց մեջ կներառվեն մեծատառեր, փոքրատառեր, թվեր և հատուկ նշաններ, օգտագործել երկփուլային նույնականացման հնարավորությունը։
Ի՞նչ անել, եթե կոտրել են ձեր «Ինստագրամի» կամ «Ֆեյսբուքի» էջերը. Սամվել Մարտիրոսյան
«Երկփուլային նույնականացման դեպքում «Ֆեյսբուք» կամ «Ինստագրամ» մուտք գործելու համար, բացի գաղտնաբառը լրացնելուց, օգտատերը պարտավոր է մուտքագրել նաև այն կոդը, որն ուղարկվում է այդ պահին նրա հեռախոսին հաղորդագրության միջոցով։ Սա նշանակում է, որ երբ փորձ անեն ձեր գաղտնաբառով մուտք գործել որևէ համակարգ, տվյալ անձը գաղտնաբառն իմանալիս պետք է ունենան նաև ձեր հեռախոսը»,- նշեց Գևորգյանը։
«Վստահելի կոնտակտներ» ֆունկցիան հնարավորություն է տալիս ֆեյսբուքյան ընկերների միջոցով վերականգնել «կոտրված» հաշիվը։
Հայտնի անձանց դեպքում «Ֆեյսբուքը» հատուկ տարբերանշան է սահմանել, որը հնարավորություն է տալիս հայտնիների իրական օգտահաշիվները կեղծ հաշիվներից տարբերել։
Ծառայողական քննություն է սկսվել. ոստիկանությունը` սոցցանցերում շրջանառվող տեսանյութի մասին
«Հայտնի մարդկանց «Ֆեյսբուքը» թույլ է տալիս իրենց էջերը վստահելի դարձնել կապույտ տարբերանշանով։ Հայտնի մարդիկ կարող են ԱԳՆ-ի միջոցով պաշտոնապես դիմել ՖԲ-ին և ստանալ այդ տարբերանշանը, որը թույլ կտա տարբերել պաշտոնական էջը կեղծից»,- հավելեց մասնագետը։
Նշենք, որ վերջերս տարբեր օգտատերեր դժգոհում են իրենց սոցիալական էջերի վրա հաքերային հարձակումներից, իսկ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչը 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Facebook սոցիալական ցանցում ստեղծել է հանրությանը հայտնի անձանց՝ Վարդան Սրմաքեշի, Ալեն Սիմոնյանի, Հայկ Սարգսյանի, «Սասի Արտակի», Սամվել Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի անուններով կեղծ էջեր ու խարդախությամբ գումար է հափշտակել տարբեր օգտատերերից։