Հայաստանը 2023 թվականից անցում կկատարի հաշմանդամության գնահատման նոր մոդելի

Ոչ միայն բժիշկներն են իրականացնելու գնահատումը, այլև հարբժշկական մասնագետները, ինչը հնարավորություն կտա կարիքները գնահատել ամբողջությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականի փետրվարից անցում կկատարի հաշմանդամության գնահատման նոր մոդելի, կներդրվի ֆունկցիոնալության աստիճանի գնահատման համակարգ։
Այս մասին հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Միանգամից չի լինի, կամ որքանո՞վ է Երևանը հարմարեցված հաշմանդամներին. հարցում
«Այլևս չի լինի հաշմանդամության դասակարգումն ըստ 3 խմբի (առաջին կարգ, երկրորդ կարգ և երրորդ կարգ)։ Ֆունկցիոնալության աստիճանի գնահատման համակարգով կլինի` թեթև, միջին, ծանր, խիստ ծանր և այլն։ Այսպիսով, գնահատումն իրականացնելու են ոչ միայն բժիշկները, այլև հարբժշկական (բժշկական օգնությանն ու սպասարկմանն օժանդակող ծառայություններ-խմբ.) մասնագետները, ինչը հնարավորություն կտա կարիքները գնահատել ամբողջությամբ»,– նշեց Ստեփանյանը։
Արդյունքում կվերանայվեն սոցիալական աջակցության փաթեթները, որոնք կանխարգելիչ նպատակներով կարող են տրամադրվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց ցուցակում չընդգրկված անձանց։
Եթե կաս` եղիր առաջինը. հաշմանդամություն ունեցողները` խնդիրների և դրանց հաղթահարման մասին
«Շահառուին կարող են տրամադրվել լոգոպեդի, հոգեբանի, անձնական օգնականի և այլ ծառայություններ։ Նոր համակարգը լինելու է ամբողջությամբ էլեկտրոնային` բժիշկների ընտրության ավտոմատացված ընթացակարգով։ Կլինի բժիշկների և հարբժշկական մասնագետների ռեեստր, և փորձաքննությունից 1 օր առաջ, ապանձնավորված, բժիշկները կստանան տեղեկությունը, որ այսինչ տարածքում իրենք պետք է իրենց աշխատանքը կատարեն»,- շեշտեց փոխնախարարը։
Բժիշկները չեն իմանա, թե ում պետք է փորձաքննեն, միայն կծանոթանան նրա հիվանդության պատմությանը։