ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Գյումրին այս տարի տոնածառ կունենա, բայց քաղաքում տոնական մեծ միջոցառումներ չեն անցկացվի: Գյումրու ավագանին այսօր որոշեց համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ հատկացնել ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար:
Կենտրոնական հրապարակի գլխավոր տոնածառի, դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար 5 մլն դրամ կծախսվի։
Նախորդ տարիների համեմատ զարդարանքը ճոխ չի լինի. Գյումրին տոնական լուսավորություն կունենա հիմնականում պատմական միջուկում: Լույսերի վառման, ամանորյա տոնավաճառի ձայնային և լուսային տեխնիկայի վարձակալության, գործարկման համար 900 հազար դրամ է նախատեսված։
Փորձ կարվի օգտագործել նախորդ տարիների զարդարանքը: Հրավառություն նախատեսված չէ: 600 հազար դրամի շրջանակում էլ Գյումրու քաղաքապետարանում ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար հյուրասիրություն կկազմակերպվի:
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը դեմ էր հյուրասիրությանը:
«Տոնածառը երեխաների համար թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի», - ասաց նա։
Ավագանին, սակայն, ձայների մեծամասնությամբ որոշեց, որ հյուրասիրություն լինի, բայց 600 հազար դրամի շրջանակում:
«Տարվա վերջ է, բնական է` պետք է հավաքվեն, զուսպ նշեն գալիք տարին»,- ասաց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
Երեխաներին էլ ամանորյա պարկեր կբաժանեն. այդ նպատակով 3 մլն դրամ է ծախսվելու։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ տոնածառ է դրվելու նաև Երևանի Հանրապետության հրապարակում։