Եթե կաս` եղիր առաջինը. հաշմանդամություն ունեցողները` խնդիրների և դրանց հաղթահարման մասին

Պրոթեզ. Արխիվային լուսանկար
2021 թվականի նոյեմբերի 30-ի տվյալներով` Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 196 845 քաղաքացի, որից 9 191-ը երեխա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հաշմանդամություն ունեցող անձինք ամեն օր բախվում են տարբեր խնդիրների, նրանց մի մասը փորձում է հաղթահարել դրանք, մյուս մասն էլ որոշ չափով համակերպվում դրանց հետ։
Այսօր` Հաշմանդամների միջազգային օրը կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծեց, որ 2021 թվականի նոյեմբերի 30-ի տվյալներով` Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 196 849 քաղաքացի, որից 9 191-ը երեխա է։
Գործող օրենսդրությամբ նրանք բաժանվում են 1-3-րդ խմբերի.1-ին խմբի հաշմանդամություն անձինք 9639-ն են, 2-րդ խմբում` 67 666–ն են, իսկ երրորդում` 110 353–ը։
«Պատերազմով պայմանավորված փորձաքննություն է անցել 1962 անձ, որոնցից 1468-ն է ճանաչվել հաշմանդամություն ունեցող»,– նշեց Ստեփանյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում էլ «Հույսի կամուրջ» ՀԿ–ի շահերի պաշտպան, ինչպես նաև Շիրակի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Վահե Առուստամյանը, ով նաև հենաշարժողական խնդիրներ ունի, նշեց, որ ինքը` որպես հաշմանդամություն ունեցող անձ, երբևէ չի բախվել այնպիսի խնդրի, որն անլուծելի լինի։ Նա ընդգծեց, որ մարդու տեսակը բավականին կարևոր է հաջողության հասնելու համար։
Վահե Առուստամյանը
Վահեի խոսքով` հաշմանդամություն ունեցող անձինք բաժանվում են 2 տեսակի` մի մասը պնդում է, որ ինքն ունի հաշմանդամություն և բոլորը` պետությունը, դպրոցը, ծնողը պարտավոր են իր համար անել ամեն ինչ։ Երկրորդ տեսակը հաշմանդամությունն ընկալում է որպես ալտերնատիվ հնարավորություն ու փորձում է իր կարողությունների սահմանում զարգացնել այս կամ այն ունակությունը, ըստ որի նա կկարողանա ապահովել իր կեցությունը, ձեռք բերել աշխատանք, դրսևորվել միջավայրում և այլն։
Միանգամից չի լինի, կամ որքանո՞վ է Երևանը հարմարեցված հաշմանդամներին. հարցում
«Մի հետաքրքիր խոսք կա. «Եթե դու կաս` եղիր առաջինը»։ Չպետք է ասենք, թե ինչ է անում պետությունը մեր խնդիրը լուծելու համար, առաջինն ինքներս մեզ պետք է հարց տանք` ինչ ենք արել մենք, որպեսզի բարելավենք մեր կյանքի որակը»,– շեշտեց Վահեն։
Դպրոցում աշխատելով նա նկատել է, որ այսօր բավականին աճել է ներառականությունը և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպումը բավականին դյուրին է կատարվում։ Վահեն վստահեցրեց, որ դպրոցում աշխատելով ինքը կարողացել է դրսևորվել որպես Վահե և ոչ որպես հաշմանդամություն ունեցող անձ։
Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս, այդ թվում՝ հաշմանդամների համար
«Հույսի կամուրջ» ՀԿ–ում երիտասարդների և երեխաների շահերի պաշտպան Նենե Մկրտչյանն էլ, որ տեսողական խնդիրներ ունի, ասաց, որ ինքը բախվում է բազմապիսի դժվարությունների։
«Հանրային վայրերում, շենք–շինություններում, ապակյա դռների վրա դեղին տարբերանշանները բացակայում են։ Սա իրոք լուրջ խնդիր է ու եղել են դեպքեր, որ չեմ նկատել, օրինակ, ապակե դուռն ու հարվածել եմ։ Ոչ բոլոր լուսաֆորներն են, որ ձայնային ազդարարման համակարգ ունեն, վերելակներում էլ կա այդ խնդիրը»,– ասաց Նենեն։
Նենե Մկրտչյանը
Նա ընդգծեց, որ տարբեր շենքերում, հիվանդանոցներում բրայլյան գրերն են բացակայում և անձամբ հաճախ է բախվում այդ խնդրին։ Կայքերում նույնպես կա խնդիր, դրանք տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չեն։

«Կրթության առումով էլ կարող եմ ասել, որ բուհերում չկա աուդիո կամ բրայլյան գրերով գրականություն։ Ներկա պահին այս խնդիրը բարձրաձայնվել է և ներառական կրթության շրջանակում այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի այն լուծում ստանա»,– նշեց Նենեն։

Նա պատմեց, որ ունի ընկերներ, ովքեր նույնպես տեսողության խնդիրներ ունեն և իրենց զբաղվածության հարցն իրենք են լուծում` զբաղվում են հելյունագործությամբ, վաճառում են օնլայն հարթակներում։
Նշեք, որ ամբողջ աշխարհում 1992 թվականից ՄԱԿ–ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր։ 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: