Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք այսօր մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:
Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքը հայտարարել էր հոկտեմբերի 16-ին։
Այն անցկացվում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ի դեպ, 20 տարուց ավելի է Վանո Սիրադեղյանը լքել է Հայաստանը։ Նրա անվան հետ են կապում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպումը, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել։
Սա եզակի դեպք է Հայաստանի պատմության մեջ. ավելի քան 20 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող և մի շարք քրեական գործերով մեղադրվող քաղաքական գործչին Երևանում հրաժեշտ են տալիս ինչպես հերոսի։
Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։
1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր։
Վանո Սիրադեղյանը ամուսնացած է, ունի 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանում որպես տնօրեն։
Սիրադեղյանին կհուղարկավորեն հայրենի Կոթի գյուղում։