ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` նախարարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող մի շարք հարցերի։
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը՝ կարևորելով իրավիճակի դեէսկալացիայի նպատակով միջազգային հանրության կողմից հասցեական արձագանքը։
Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։
Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Ֆինլանդիայի հետևողական դիրքորոշման կապակցությամբ՝ ի սատարումն հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։
Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի։
Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել էր նաև Հունաստանի, Խորվաթիայի և Ավստրիայի արգործնախարարների հետ։
Հավելենք, որ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ։ Նա մասնակցել է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։