Բիրտ հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳՆ–ն` Ադրբեջանի քաղաքականության մասին

Արցախի ԱԳՆ–ի շենքը
Արցախի ԱԳՆ–ից շեշտում են, որ պաշտոնական Բաքվի նման պահվածքը անհարգալից վերաբերմունք է ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել լքել հայրենիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարված և սպանված Արցախի բնակչի դեպքին և հայտարարել, որ Ադրեջանի` նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։ Հայտարարության տեքստը հրապարակվել է Արցախի ԱԳՆ–ի կայքում։
Նշվում է, որ այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։
Արցախի ԱԳՆ–ից շեշտում են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։
Ադրբեջանի զինվորականները սպանել են արցախցի տղամարդուն
Որպես նշվածի ապացույց կարելի է դիտարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։

«Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։ Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։
21–ամյա արցախցին մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում
Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել Ադրբեջանի սադրանքներին և չկորցնել հայրենիքում ապրելու հաստատակամությունը։