ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում և անթույլատրելի է համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ և սպանել։
«Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում, ինչը պաշտոնական Բաքվի՝ նախկինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված նմանատիպ հանցագործություններն անհիմն պատճառաբանություններով արդարացնելու արդյունքն է և բերում է նմանատիպ վարքագծի կրկնության»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։
«Այս և քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 3-ին տեղեկություն էր տարածվել, որ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներից մեկը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: