Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ արտգործնախարարը խոսել է ադրբեջանական զինված ագրեսիայի մասին ու անդրադարձել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողությունները, բարձրագույն ղեկավարության հայատյացության ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը։
Նախարարը նշել է, որ ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք հանդիսանալ խնդրի լուծման համար: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Խաղաղությունը մշտապես պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը. Արարատ Միրզոյան
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
«Արդյունավետ էր». Արարատ Միրզոյանը` ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման մասին