ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) պատրաստ է ստանձնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը փոխանցված մասի կառավարումը, եթե նման որոշում կայացնի ՀՀ կառավարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ առցանց հանդիպմանն ասաց ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, թե ռուսական կողմից ստացված բաժնետոմսերը հանձնվելու են ANIF-ի կառավարմանը:
«ANIF-ը չի կառավարում ոչ մի բան, բացի կապիտալից, այսինքն՝ ANIF-ը կարող է լինել ինչ-որ բաժնետոմսերի փայատեր: Եթե կձևավորվի կարծիք և հրաման՝ փոխանցել թե՛ ԶՊՄԿ-ի, թե՛ ուրիշ որևէ պետական բաժնետոմսերի սեփականությունը ANIF-ին, բնականաբար, դա լինելով մեր գործընթացներից մեկը, չեմ կարծում, թե մենք կունենանանք այլ կարծիք, քան այդ հրամանը կենթադրի»,- ասաց Փափազյանը:
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին պտտվում, թե ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը հանձնվելու են ANIF-ի կառավարմանը, որի խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Այսօրվա ասուլիսում ֆոնդի տնօրենն ըստ էության ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկությունները:
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։ Դե, իսկ քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերությունը» նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։ Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։
Ավելի ուշ, անդրադառնալով հիշյալ գործարքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուսական այդ ընկերությունը կառավարության հետ գործարքի դիմաց ստանձնել է ՀՀ–ում պղնձաձուլական գործարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու շուրջ։ Արդյունքում Հայաստանը կարտադրի ոչ թե հումք (պղնձի խտանյութ), այլ մաքուր պղինձ, իսկ հեռանկարում նաև՝ դրա հիմքով ապրանքներ։
ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հիմնադրվել է 2019թ-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերների, մասնագետ օպերատորների հետ: Երկրի ներսում ԱՆԻՖ֊ը տրամադրում է ծրագրերի ֆինանսավորում նոր և արդեն իսկ գործող ընկերություններին: