ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գրեթե ավարտին է հասել զինծառայողների վերին և ստորին վերջույթների պրոտեզավորման գործընթացը։ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
«Այսօրվա դրությամբ վերին վերջույթի ամպուտացիա է արվել 20 զինծառայողի, նրանց պրոտեզավորումը գրեթե ավարտվել է։ Ստորին վերջույթների 102 պրոտեզավորման գործընթաց է իրականացվել։ 3-ն էլ դեռ պրոտեզավորման ընթացքում են»,– նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով` իրականացվում է նաև աջակցող միջոցների գործընթաց, որը բարելավվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հետ համատեղ։ Այժմ, կառավարության որոշման համապատասխան, հաշմանդամություն ունեցող անձին տրվում է սերտիֆիկատ, ինչի միջոցով նա կարողանում է գնալ և ծառայություն ստանալ որակավորված կազմակերպության կողմից։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բազմաթիվ զինծառայողներ են վիրավորվել, և նրանց մի մասի ստորին և վերին վերջույթներն ամպուտացվել են։ Պաշտոնական տվյալների համաձայն` Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թիվը շուրջ 11 հազար է։ Պատերազմում հրադադար հաստատվեց նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ։