ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարները մտահոգված են համացանցում բռնություն և ահաբեկչություն հրահրող գաղափարների տարածմամբ, ուստի կոչ են անում ավելի շատ աշխատել երիտասարդների հետ։
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՌԴ ԱԳՆ կայքում, ընդգծվում է տեղեկատվական գրագիտության զարգացման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, հատկապես երիտասարդության շրջանում: Նախարարները նաև ընդգծել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միասնական ջանքերի կարևորությունը։
«Այս ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարություններ, շահագրգիռ կողմերի, պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԳ նախարարներն անհրաժեշտ են համարել ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների կատարելագործումը, ինչպես նաև կոչ են արել զարգացնել համագործակցությունը ՀԱՊԿ երկրների և ԵԱՀԿ-ի միջև՝ անվտանգության ամրապնդման նպատակով։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։