ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներից մեկը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։
«Այսօր՝ ժամը 13։00-ի սահմանում, ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի ԱԱԾ–ն միջոցներ է ձեռնարկում արցախցուն վերադարձնելու ուղղությամբ
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: