Թուրքական լիրայի անկման ֆոնին Էրդողանը փոխել է ֆինանսների նախարարին

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Նախարարության նոր ղեկավարը հաստատակամ է շարունակելու տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է հանրապետության ֆինանսների նախարարին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հրամանը հրապարակված է Resmi Gazеte պաշտոնական թերթում։
Նշվում է, որ պաշտոնանկ արված Լյութֆի Էլվանի փոխարեն նշանակվել է Նուրեդդին Նեբաթին։
Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի փոխարեն։ 2015-2016 թվականներին Էլվանը զբաղեցրել է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը։
Մենք էլ կարող ենք աշխարհի քարտեզը ներկել որոշակի գույներով. Լավրովը` Էրդողանի նվերի մասին
Նեբաթին քաղաքագիտության դոկտոր է, զբաղվել է բիզնեսով տեքստիլի ոլորտում, նախարար նշանակվելուց առաջ զբաղեցրել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։ Նա հաստատակամ է շարունակելու տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը։
Թուրքական արժույթի փոխարժեքն անցած շաբաթ կրկին նվազել է` դեկտեմբերի կեսերին ակնկալվող Թուրքիայի ԿԲ դրույքաչափի նոր նվազման պատճառով։ Լիրան հերթական անգամ թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը` 13,71` մեկ դոլարի դիմաց։ Թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում էժանացել է մոտ 40%–ով։
Թուրքական դետեկտիվ, կամ ինչպես են հայերը տունտունիկ խաղում
Ժողովրդահանրապետական կուսակցության և Լավ կուսակցության առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել են ոչ կոմպետենտ լինելու մեջ։ Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։ Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջը` հայտարարելով, որ ընտրությունները կանցկացվեն նախանշված ժամկետում, այսինքն` 2023 թվականի հունիսին։