ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» հեռացվել է առաջնությունից: Այդ մասին որոշում է ընդունել ՀՖՖ-ն։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման մեջ նշված է.
«Հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, այն է՝ VBET ՀՊԼ առաջնության (2021-2022 մրց.) ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալը, և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 7-րդ կետով` «Սևան» թիմին հեռացնել VBET ՀՊԼ առաջնությունից և զրկել սույն մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից»։
«Սևանը» նաև տուգանվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամի չափով։ Հաջորդ մրցաշրջանում նրան տրվում է հնարավորություն հանդես գալ միայն Առաջին խմբի առաջնությունում։