ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր փոփոխություն է կատարվել ճանապարհային երթևեկության սխեմայում։ Վրաստանի սահմանից դեպի Վանաձոր ուղղությամբ մեքենաները հիմնանորոգվող կամուրջը կարող են շրջանցել Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհով։ Իսկ Վանաձորից դեպի Վրաստանի սահման ուղղությունը վարորդները կարող են անցնել գործող երկրորդ կամրջով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վարորդներին հորդորում են հետևել ճանապարհային նշաններին։ Նշվում է, որ զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կիրականացվի երկրորդ կամրջի նորոգումը։