ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծումը կարող է առանցքային և բեկումնային փոփոխությունների բերել էկոնոմիկայի ոլորտում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը Եվրասիական 2-րդ համագումարի շրջանակում մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին։
«Հիմնական խնդիրը, որը մենք բացահայտեցինք ԵԱՏՄ-ի շրջանակներում, հավանաբար անկայունությունն է և լոգիստիկայի բարձր արժեքը։ Այս տեսանկյունից, միասնական բաշխիչ ցանցը կարող է առանցքային և բեկումնային դեր ունենալ, որպեսզի մենք կարողանանք շտկել այս իրավիճակը»,- նշել է նախարարը։
Նախարարությունից տեղեկացնում են, որ ցանցի ստեղծումն ունի մեծ պոտենցիալ` դառնալու տարածաշրջանում պարենային անվտանգության երաշխիք, կատարելու արտահանման ակտիվացման կատալիզատորի դեր, և որ ամենակարևորն է՝ նպաստելու է արտադրական կորուստների նվազեցմանը։