Հայաստանի պետական պարտքը մտահոգիչ չէ, բայց նոր վարկ վերցնել խորհուրդ չի տրվում. Վինոկուրով

ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի ներկայիս հարաբերակցությունը հաշվի առնելով` դրա հետագա ավելացումը պետք է մեծ հարցականի տակ դրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայիս պարտքի կայունությունը մտահոգություն չի առաջացնում, Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակում պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին`այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։

«Համավարակի դեմ պայքարի համար զգալիորեն ավելացվել էր պետական պարտքի մակարդակը։ Մեր մոդելները (Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի,–խմբ.) ցույց են տալիս, որ մինչև 2026 թվականը ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կնվազի (5 տարվա ընթացքում 1,5%–ով) համախառն արտադրանքի աճի հաշվին։ Հայաստանի պարտքի կայունությունը լուրջ մտահոգություններ չի առաջացնում», – ասաց Վինոկուրովը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, նույնիսկ մինչև 2026 թվականը պետական պարտքի մակարդակն ավելի բարձր կլինի, քան եղել է համավարակից առաջ (57,2% 2019 թվականի 53,7%–ի դիմաց)։
Հայաստանն անցած տարի վարկ էր վերցրել կապիտալի շուկաներում մինչև ՀՆԱ–ի 3,8-3,9%–ի չափով։ Սա շատ հաջող տոկոսադրույք է, այդ առումով ֆինանսական և դրամավարկային իշխանությունները «ծափերի են արժանի»։
Հայաստանի պետական պարտքն «ահագնանո՞ւմ» է. պարզաբանում է ֆիննախի մասնագետը
Բացի այդ, վարկ էր վերցվել ԱՄՀ–ից բարձր արտոնյալ տոկոսադրույքով։ Արտոնյալ և շուկայական պայմաններով ռեսուրսների այս «միքսն» ընդունելի է։

«2022-2024 թվականներին վարկերի գծով մարումները կկազմեն միջինում ՀՆԱ–ի 5,9%, ինչն ընդհանուր առմամբ ընդունելի է... Այնուամենայնիվ, պարտքերի հետագա ավելացումը պետք է մեծ հարցականի տակ դրվի», – ասաց Վինոկուրովը։

Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերի տվյալներով` Հայաստանի պետական պարտքը հասել է 9.2 մլրդ–ի։
Եվրասիական երկրորդ կոնգրեսն անցկացվում է Մոսկվայում դեկտեմբերի 2-ին, կազմակերպիչը Եվրասիական զարգացման բանկն է` ՌԴ կառավարության աջակցմամբ։
ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել
Այս տարի կոնգրեսի շրջանակում քննարկման հիմնական թեմաններն են դարձել բիզնեսի, ԵԱՏՄ+–ի ներուժի բացահայտմանն ուղղված զարգացման և պետական-մասնավոր ինստիտուտների գործընկերության դերի բարձրացումը, տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրի, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային ենթակառուցվածքային միջպետական նախագծերը, կայուն զարգացման նպատակներին հասնելու բնագավառում առաջնահերթ հարցերը, «կանաչ» ֆինանսավորման մեխանիզմները և ESG–նախագծերը, ինչպես նաև պետությունների թվային տրանսֆորմացիան։