ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի օրակարգին։ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը՝ հիմնված ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա և ՀԱՊԿ դաշնակցային պարտավորություններին համահունչ։
Միրզոյանն իր գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները։ Այդ առումով նա շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործիքակազմի, այդ թվում՝ ճգնաժամային արձագանքման գործիքակազմի կատարելագործման կարևորությունը։
Հիշեցնենք` Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Այս տարվա սեպտեմբերին կազմակերպության նախագահությունը փոխանցվել է Հայաստանին: