Հայաստանն ու Լիտվան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանն ու Լիտվան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
Ռազմական համագործակցության ծրագրով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ստորագրվել է 2022թվականին Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ։ Մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Հայաստանն ու Լիտվան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Հանդիպման մասնակիցներն ամփոփել են երկկողմ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները:
Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում:
Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին: