ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտության մասին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը խոսել է ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանատունը` հավելելով, որ դեկտեմբերի 1-ին հեռավար հանդիպում է կայացել։
Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։
«Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մակունցը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։
Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նոյեմբերի 23-ին հայտնել էր` այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Բացի այդ, նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով էլ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 24+8 գերեվարված։ Սակայն վերջին տվյալը ճշգրտման անհրաժեշտություն ունեն։