Ավանդական դասագիրքը միանշանակ գերակա կմնա էլեկտրոնային տարբերակի նկատմամբ` հաշվի առնելով այսօրվա մեր սոցիալական խնդիրները, ինտերնետ ծածկույթը, սարքավորումների թանկ գները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթական հարցերի փորձագետ Սուրեն Ալոյանը։
ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի` հանրակրթական դպրոցի դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով։
Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի նախագիծը։
Փորձագետի խոսքով` համավարակի մեկնարկից ի վեր, երբ ամբողջ կրթությունն անցավ էլեկտրոնային տարբերակի, նախարարությունը հայտարարեց, որ աշակերտների 80-81 տոկոսն է կարողացել ամբողջությամբ անցնել էլեկտրոնային, հեռավար կրթության, սակայն իրականում այդ ցուցանիշը կազմում է 40-45 տոկոս։
Խնդիրը, ըստ Ալոյանի, ոչ թե մարզերի կամ սոցիալապես անապահով ընտանիքների մասին է, այլև վերաբերում է հենց ապահովված ընտանիքներին, որոնցից շատերն իրենց տանը չունեն համապատասխան քանակի տեխնիկական միջոցներ։
«Եթե ծնողներն աշխատում են տնից, իսկ երեխաները պետք է կրթվեն էլեկտրոնային եղանակով, ապա պահանջվում է առնվազն 4-5 տեխնիկա կամ սարքավորումներ, ինչպես նաև բնակարաններում առանձնացված հատվածներ, սակայն ինձ հայտնի են շատ քիչ ապահովված ընտանիքներ, որոնք ունեն այդքան քանակի սարքավորումներ ու տեխնիկական միջոցներ։ Էլ չենք խոսում մարզերի ու անապահով ընտանիքների մասին»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Ալոյանի դիտարկմամբ` աշակերտները գրեթե մեկ տարվա չափով հետ են ընկել կրթական ծրագրից, բայց եթե լինի դասագրքերի և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակը, ապա հնարավոր կլինի հասանելիության հարցը լուծել, այսինքն` այն հատվածը, որն ունի համապատասխան սարքավորումներ, կօգտագործի այդ առավելությունը, իսկ այն հատվածը, որը դեռ չի կարող ձեռք բերել տեխնիկական միջոցները, կապավինի թղթային տարբերակին։
Անդրադառնալով ծանրաբեռնվածության խնդրին` փորձագետն ընդգծեց, որ դեռ չկան հստակ հետազոտություններ, թե որքան ժամանակ աշակերտները պետք է անցկացնեն էկրանների առջև, թեև տեխնիկական միջոցների կիրառումը կրթության գործընթացում գնալով դառնում է անխուսափելի։
Ըստ նրա` պետք է պատրաստ լինել ցանկացած պահի ամբողջությամբ հեռավար, էլեկտրոնային կրթության անցնելուն, հետևաբար տեխնոլոգիաներից վախենալը սխալ մոտեցում է, անհրաժեշտ է դրանք ճիշտ կիրառել` սահմանափակելով աշակերտների անհիմն օգտագործումը։
«Եթե երեխաներն ամբողջ օրը համացանցում խաղեր խաղան և ընկնեն անհիմն ինֆորմացիաների հետևից, կարող են իրենց վնասել` անկախ նրանից` դասագիրքը էլեկտրոնային է, թե ոչ, բայց եթե այն դառնա որպես աշխատանքային ճիշտ գործիք, խնդիրներ չեն առաջանա»,– ասաց Ալոյանը։
Նրա համոզմամբ` երեխայի ուղեղի մեջ անընդհատ բովանդակություն լցնելը կրթության գլխավոր նպատակը չպետք է լինի, այլ կարևոր է, որ մատուցվող գիտելիքը երեխային իսկապես օգնի կյանքում լուծել իր առջև ծառացած խնդիրները։