ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, թե COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո քանի օր անց կարելի է դառնալ արյան դոնոր։
Գերատեսչությունից նշում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում որևէ ժամկետային սահմանափակում չկա:
«Հաշվի առնելով, որ «SARS-CoV-2» պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել. որպես նախազգուշական միջոց, սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է արյան դոնոր դառնալ պատվաստումից 7 օր հետո»,– նշում են ԱՆ–ից և հավելում, որ դոնոր կարելի է դառնալ, եթե անձը չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ:
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 7-ին, երբ ՀՀ առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարել էր արյան դոնորների կարիքի մասին, Facebook-ի օգտատերերից մեկի հարցին, թե փաստորեն պատվաստված անձը չի՞ կարող դոնոր լինել, արյունաբանական կենտրոնից պատասխանել էին, որ պատվաստումները հանդիսանում են ժամանակավոր հակացուցում․ կենդանի վակցինայի դեպքում 30 օր, սպանված վակցինայի՝ 10 օր։
Այլ կերպ ասած` կախված պատվաստանյութի տեսակից, պատվաստված անձը կարող է դոնորական արյուն հանձնել պատվաստվելուց կա՛մ 10, կա՛մ 30 օր հետո։