ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել։ Ինչպես Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստափանյանը, կրակահերթը սկսվել է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում և տևել է 10-15 րոպե։
«Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել»,–հայտնել է Ստեփանյանը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։
«Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը»,–նշում է Արցախի ՄԻՊ–ը։
Ստեփանյանը ընդգծում է, որ ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին էլ Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մոտ՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ջրագծի վրա աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկ մարդ՝ զոհվել: