«Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմի մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվել է

Աշոտ Մինասյան. Արխիվային լուսանկար
Փաստաբանն ընդգծել է, որ ընթանում է «Սյունիքի գլխատում» օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են «տիգրանսիմոնյան» դատավորները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով` քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի ապօրինի որոշմամբ Մինասյանը կալանավորվել է։
«Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։ Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի դեռևս 2020 թվականի նոյեմբերի 15–ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է»,–գրել է նա։
Փաստաբանն ընդգծել է, որ ընթանում է «Սյունիքի գլխատում» օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են «տիգրանսիմոնյան» դատավորները։
Աշոտ Մինասյանի հայրական տան կողոպուտի փաստով նյութեր են նախապատրաստվում
Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը` Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։
Այս քրեական գործով ի թիվս այլոց, իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Աշոտ Մինասյանին: Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Ա. Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները:
Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները
Մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չէր համարվել, այսինքն` հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ: