ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանին։ Տեղեկությունը տեղադրված է e-gov.am կայքում։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անդրադարձել էր Ադրբեջանի հետ բանակցությունների թեմային։ Նա հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, ով մասնակցել է բանակցություններին, սակայն անունը չէր հրապարակեց, այլ միայն ակնարկել էր, որ այդ անձն աշխատում է վարչապետի աշխատակազմում։
ԶԼՄ–ներում սկսեցին լուրեր տարածվել, որ երկրորդ պաշտոնյան եղել է Հրաչյա Թաշչյանը։ Հայտնում էին, եթե Վանեցյանը կապի մեջ էր ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, ապա Թաշչյանը Whatsapp–ով շփվել է Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի` Հիքմեթ Հաջիևի հետ։
Հրաչյա Թաշչյանը մինչ այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:
Նա վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ է նշանակվել 2020 թվականի հուլիսի 8-ին։