ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ իր «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, այդ գույները կտարածվեն աշխարհի գրեթե բոլոր երկրներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապ պահպանելու մեջ։ Մեր ցեղակիցներն ու հայրենակիցներն էլ են տարբեր տարածքներում ապրում։ Մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով՝ տալով տարբեր տոնայնություն։ Դա առաջին հերթին ողջ հետխորհրդային տարածքն է։ Իհարկե, ԽՍՀՄ ժողովուրդները ներկայացնող մեր բազմաթիվ հայրենակիցներ բնակվում են Գերմանիայում, Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ - ում, Լատինական Ամերիկայում, Արգենտինայում», - ասել է Լավրովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք էր հայտնել, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանում՝ Ալթայում։ Քարտեզն Էրդողանին նվիրել է Թուրքիայի Ազգային շարժման կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին։ Էրդողանի և Բախչելիի լուսանկարը՝ քարտեզի հետ միասին, տեղադրվել է կուսակցության Twitter-ում։
«Թյուրքական աշխարհում», Բախչելիի վարկածով, ներառված են Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։