Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից

Արման Թաթոյանը Սյունիքում. Արխիվային լուսանկար
Արման Թաթոյանը նկատում է, որ այլընտրանքային ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան անանցանելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։
Նա նշում է, որ այլընտրանքային ճանապարհը, բացի այն որ դժվարանցանելի է ու ծնում է հումանիտար խնդիրներ, չի լուծում մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը։
«Գյուղերում բնակիչները վկայեցին, որ երբ 90-ական թվականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինվորները քաղաքացիական տներն ու մարդկանց են հրազենով թիրախավորել»,–ասում է ՄԻ պաշտպանը` հավելելով, որ նման դեպքերի կրկնությունը չի բացառվում։
Հոսպիտալացման համար պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնել. Սյունիքի գյուղերի խնդիրները
Ընդ որում, այլընտրանքային ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան անանցանելի: Սա իր հերթին ավելի կխորացնի գյուղերի մեկուսացման աստիճանը։
Թաթոյանը նշում է, որ որպես այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքների հետևանքով:

Ուստի, ըստ նրա, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, և պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:

Թաթոյանը հավելել է, որ այս ամենի մասին հատուկ զեկույցներ կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
Զրկվել են ջրից, արոտավայրերից, եկամտի աղբյուրից․ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը Ճակատենում
Դեռ նոյեմբերի 19-ին Արման Թաթոյանն ընդգծել էր, որ Սյունիքի մարզում Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով 6 գյուղում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. խմբ) անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները։