ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալներով:
Նրա կարողությունը մեկ տարում ավելացել է 1,9 մլրդ ԱՄՆ դոլարով՝ հասնելով 311 մլրդ․ դոլարի։ Նրա վարկանիշի վրա չի անդրադարձել անգամ նոյեմբերին կրած կորուստը՝ 50 մլրդ․ դոլար ընդամենը երկու օրում։ Չնայած Tesla-ի բաժնետոմսերի անկմանը` նրան հաջողվել է հերթական անգամ ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Amazon-ի և Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (201 մլրդ դոլար)։ Երրորդ տեղը բաժին է հասել Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի ղեկավար Բեռնար Առնոյին (162 մլրդ դոլար): Չորրորդ տեղում Բիլ Գեյթսն է՝ Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը և նախկին խոշորագույն բաժնետերը (135 մլրդ դոլար): Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը վարկանիշային ցանկի հինգերորդ հորիզոնականում է (126 մլրդ դոլար):
BBI-ի վարկանիշի համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն ավելացել է գրեթե 38 մլրդ դոլարով՝ չնայած որ նոյեմբերին շուկաների փլուզման արդյունքում վարկանիշի առաջնորդներն ընդհանուր առմամբ կորցրել են ավելի քան 27 մլրդ դոլար:
Ամենամեծ աճ՝ 6 միլիարդ դոլարով, գրանցվել է համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի մոտ, որը 30,8 միլիարդ դոլարով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Երկրորդ տեղում «Նորնիկելի» հիմնական սեփականետերերից մեկն է՝ Վլադիմիր Պոտանինը (նա հարստացել է 21 միլիոն դոլարով` իր ունեցվածքը հասցնելով 30 միլիարդի), երրորդը «Северсталь»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովն է (ավելացրել է 4,18 մլրդ, ընդհանուր կարողությունը՝ 27,2 մլրդ)։ Չորրորդ տեղում Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի շահառու Վլադիմիր Լիսինն է, որի կարողությունն աճել է 3,12 մլրդ․դոլարով` հասնելով 27 միլիարդի։
Զգալիորեն հարստացել է նաև «Լուկոյլի» համասեփականատեր Վագիֆ Ալեքպերովը՝ 4,3 միլիարդ դոլարով։ Այժմ նա 21,6 միլիարդ ունի և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։
BBI-ի ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը մասնաբաժիններ ունեն, որոշ դեպքերում՝ ելնելով EBITDA-ի նկատմամբ դրանց կապիտալիզացիայի հարաբերակցությունից կամ ակցիայի արժեքի և ակցիայի եկամուտի հարաբերակցությունից։
Ընդհանուր առմամբ վարկանիշային ցանկում աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ են, որոնց շարքերում այս պահին 27 ռուսաստանցի կա։