ՀՀ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանցիներ չպետք է լինեն. Թաթոյանը` Որոտանի մասին

Թաթոյանը` Սյունիքւոմ. Արխիվային լուսանկար
ՀՀ ՄԻՊ–ի խոսքով` ՀՀ համայնքների հարևանությամբ կամ միջև պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի։ Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ եթե Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է, ապա բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների հեռացումն է։ Թաթոյանը գրառումն արել է Facebook-ի իր էջում։
Նրա խոսքով` բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով։
Հոսպիտալացման համար պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնել. Սյունիքի գյուղերի խնդիրները
Թաթոյանը տեղեկացրել է, որ այսօր Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանի և անձնակազմի հետ միասին ուսումնասիրել են այս պահին շահագործվող այլընտրանքային միակ ճանապարհի դիտարկվող հատվածները։
Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից
Նրա խոսքով` Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև Նոր Առաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջ խնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները:
«Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից»,–գրել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ զեկույցներ կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
Նշենք, որ ՀՀ ՄԻՊ–ն այս օրերին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
Զրկվել են ջրից, արոտավայրերից, եկամտի աղբյուրից․ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը Ճակատենում
Դեռ նոյեմբերի 19-ին Արման Թաթոյանն ընդգծել էր, որ Սյունիքի մարզում Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով 6 գյուղում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. խմբ) անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները։